Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները… Ինձ թվում է, որ Հաճի աղան մի փոքր ինքնասեր էր: Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, հիվանդացավ և անդամալույծ դարձավ, Հաճի աղան նրան բերեց իր տուն և նրա համար անկյուն հատկացրեց, որովհետև չէր ուզում, որ ուրիշներին Սրբունը բեռ դառնա և նրանք բողոքեն իրենից: Ես կարծում եմ, որ Հաճի աղան մտածում էր ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:
Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:
Երբ եկավ փախչելու պահը, Հաճի աղան չկարողացավ ֆուրգոն վերցնել և սահնակ վերցրեց: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չցանկացավ վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ նրան, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունները չէր կարող փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները:
Վերջում նա զղջաց իր արածի համար, փնտրեց քրոջը, բայց չգտավ: Հաճի աղան ինքն իրեն չներեց այդ արարքը, հոգեպես շատ տանջվեց, հասկացավ, որ ավելորդ մարդ չկա: Մահից առաջ <<ավելորդի>> հիշատակի համար ոսկի տվեց տերտերին աղքատներին բաժանելու համար: